Ժամանակի բազկին կեռ խաչ է դաջված,
լուսնի մահիկ ու մարդկային գանգ,
որ աղետներ են կանխանշում, բայց
չեն վերջնագրում կործանիչ վարք -
թեպետ փոթորկուն կիրքն է անվերջ
ներսից մեզ մղում խենթ արշավել,
ավերակել ու կոտորակել,
արարիչ կամքը հետ է պահում
մեզ սատուռնական բարքերից գեշ,
կանխում հանդեսը վախճանական,
մատնում հույզերին քնքույշ ու վես:-
Մեզ հերքելով ենք լիանում մենք,
մեզ մերժելով ենք վերածնվում
Տիրոջ Ծննդյան շողերի տակ,
ներելի դառնում Նրա աչքին:-
Ժամանակի սիրտը արևով է կնքված,
երգող հրեշտակն է ցոլում անժամանակ:
04.09.2023
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ